суббота, 13 октября 2012 г.

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՄԱՐՏ, ՈՐ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ


Մայիսի 16-ին Գորիսի Տեղ գյուղում մեծ շուքով նշվեց «Թուրուսի խութ» բարձունքի գրավման 20-ամյակը: Թշնամու բետոնակուռ կառույցից գրեթե ամեն օր հրետակոծվում էին ոչ միայն Տեղ, Կոռնիձոր, նաև համայնքի շրջակա գյուղերը: Հրդեհվում, փլվում էին տներ, զոհվում խաղաղ բնակիչներ: Տարածաշրջանի համար այդ բարձունքը դարձել էր մի իսկական չարիք, իսկ պատերազմը օր օրի թեժանում էր: Չնայած ահասարսուռ իրավիճակին, գյուղերը հերոսաբար դիմադրում էին, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում լքել տունը, հարազատ հողը: Հենց այդ ուժն էր նաև, որ ոգևորեց և առաջ մղեց Տեղ գյուղի ջոկատի կամավորականներին` ազատամարտիկ Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ գրավելու, ոչնչացնելու և հողին հավասարեցնելու մահասփյուռ կառույցը:

…1992թ. մայիսի 16-ին, գիշերվա ժամը 4-ին, նախօրոք մշակված ծրագրով, 34 հոգուց բաղկացած Տեղի կամավորական ջոկատը հարձակման անցավ: Թշնամին չէր սպասում գիշերային հարձակմանը, և այդ կարևոր ռազմավարությունն էլ վճռեց մարտի ելքը: Ծանր և օրհասական էր պահը, յուրաքանչյուր փոքրիկ վրիպում կարող էր ճակատագրական լինել Տեղ գյուղի համար, որն էլ կարևորագույն դարպաս էր Գորիսի տարածաշրջանի համար…



Կամավորական ջոկատն իր զինվածությամբ զիջում էր մինչև ատամները գնդացիրներով, նռնակներով և զրահափողերով զինված թշնամուն, սակայն երկմտելու ժամանակ չկար: Ջոկատի կամավորականները ոչ մի ակնթարթ չտատանվեցին:

Մինչև վաղ լուսաբաց մղած մարտը կամավորական ջոկատը պսակեց հաղթանակով և չտվեց ոչ մի մարդկային կորուստ: ՈՒնեցավ 4 վիրավոր, մինչդեռ թշնամին տվեց տասնյակ զոհեր, վիրավորներ, առգրավվեց նրա ողջ զինանոցը: Անակնկալ հարձակումը շշմեցրել և շփոթեցրել էր հակառակորդին, թշնամու ճամբարում կատարյալ խուճապ էր… Շատերը գերեվարվեցին, իսկ փախչող թշնամու համար միջանցք բացվեց:

Լուսաբացին ողջ Գորիսը` Տեղ գյուղի հետ, ցնծության մեջ էր: Հաղթանակն իր ռազմավարական նշանակությամբ աննախադեպ էր, այն վճռորոշ բեկում մտցրեց պատերազմում, մեծ խթան հանդիսացավ հաջորդ օրը Լաչինի դատարկման ու գրավման, մարդասիրական միջանցքի բացման, հերթական բոլոր հաղթանակների գործում: Ժողովուրդն ու ազատամարտիկները այլևս լի էին հավատով ու վստահությամբ…

…Հանդիսավոր տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի քաղաքապետարանի ղեկավարությունը, ազատամարտիկներ, զինծառայողներ, բազմաթիվ հյուրեր, գյուղի բնակչությունը: Հրավիրված հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով:


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Թեմուր Շահնազարյանը. «Ամեն ժողովուրդ գոնե մեկ անգամ տալիս է իր կռիվը` հաստատելու իր տեղը արևի տակ: Այդպիսի կռիվներից էր մեր նորօրյա ազգային-ազատագրական պայքարը՝ Արցախյան Ազատամարտը, որի պատիվ և հպարտություն բերող էջերից է «Թուրուսի խութ» բարձունքի գրավումը»…

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` նշելով, որ այդ օրերին յուրաքանչյուր կռվող ազատամարտիկ, հիրավի, պատմություն էր կերտում հաղթանակի և հայրենիքի ազատագրման բարձր գիտակցությամբ:

Ելույթներով հանդես եկան պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Արցախյան պատերազմի մասնակից, զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Վահան Վարդանյանը, 20-ամյա զինվոր սերժանտ Մ.Պապոյանը, Տեղի գյուղապետ Ս. Գալստյանը, գյուղի 2 դպրոցների տնօրենները:

Գորիսի զինվորական կոմիսար, Տեղ գյուղի կամավորական ջոկատի հրամանատար գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն իր շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասաց. «Մենք պարզապես իրավունք չունեինք հուսախաբ անելու մեր ժողովրդին: Մենք պետք է ռիսկի դիմեինք` միայն հաղթելու, Թուրուսի մահաբեր բարձունքը գրավելու, թշնամու կրակակետը ջնջելու պայմանով»:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը պարգևատրվեցին «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: ՀՀ կառավարական և ՊՆ գերատեսչական այլ մեդալներով, պատվոգրերով պարգևատրվեցին «Թուրուսիխ ութ» բարձունքի գրավման և այլ մարտական գործողությունների մասնակից ազատամարտիկներ:

Այնուհետ տեղի ունեցավ Արցախյան գոյամարտին մասնակցած գյուղի ազատամարտիկներին նվիրված խաչքարի բացումը (հեղինակ` Մայիս Խուրշուդյան), որը տեղադրված է մշակույթի տան շրջակա տարածքում: Նույն տարածքում տեղի ունեցավ նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոս, տեղցի Արամայիս Սարգսյանի կիսանդրու բացումը: Միջոցառման ավարտին հուշարձանները ծածկված էին երախտագետ այցելուների ծաղիկներով, ծաղկեպսակներով:

Комментариев нет:

Отправить комментарий