среда, 17 октября 2012 г.

ՍԵՐԸ ՔԱՐԱՓՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՆ

ՔԱՐԱՓՆԵՐԸ ՍԵՐ ԵՆ ԵՐԳՈՒՄ...

«Սերը քարափների շուրթերին» ժողովածուն գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի չորրորդ գիրքն է, որում շարունակվում է նրա ստեղծագործության հիմնական մոտիվը՝ անսահման սերը հյրենիքի, բնօրրանի, հարազատ մարդկանց հանդեպ:
Գեներալ-բանաստեղծի քնարը մե՛րթ լալիս է աշնան թախիծով, մե՛րթ թռչում է ռազմի դաշտում և զոհված ընկերներին կանչում:
Պոետը մեծ գորովով ու քնքշանքով է գովերգում մորը՝ պաշտամունքի չափ աստվածացնելով նրան: Նրա համար մայրական ոգին է միայն հաղթող, իսկ հոր շիրիմի վառվող մոմը, գլխիվայր հոսելով, դառնում է երգող ակունք՝ ամոքելով մոր վիշտը:

Գրքում ամենակարևոր տեղն զբաղեցնում է սիրո քնարը՝ մաքուր անաղարտ, «աղբյուրի պես զուլալ» սերը, որին տենչում, որով տառապում ու երջանկանում է բանաստեղծը: Նրա մեջ սերը ծերություն չունի և մեծանում է վարդի թերթերի բուրմունք-բարուրով:
Գողտրիկ բանաստեղծություն է Տեղ գյուղին նվիրված պատկերաշունչ ներբողը:
ՏԵՂ ԳՅՈՒՂԸ
Մեր գյուղի համար ինչ էլ որ անեմ,
Գյուղ իմ շուրթերին միշտ երգ է դառնում,
Երգերս ինչքան ջրերին խառնեմ,
Գետերս այնքան նոր հուն են առնում:
Աչքերի խոռոչ քարանձավներում
Հին մանկությունն է Տեղ գյուղի գրված,
Ամեն հյուղի մեջ, հին անձավներում
Հուշարթուն շունչ կա դարերից բերված...
Հենց գյուղամիջով Շորին ձորի հետ
Շորին աղբյուրն է լաչակն իր փռել
Ու նրա շոր-շոր ջրերը վետ-վետ
Մեր հին բաղերի դոշերն են կնճռել:
Ինչ էլ որ պատմեմ մեր գյուղի մասին,
Լեգենդ կթվա ամեն անցորդի,
Դեռ Շահանդուխտից, հուշերով անդին,
Նա հանգրվան էր պապակ ճամբորդի:
Բայց Շահանդուխտն էր, որ սկիզբը դրեց
Եվ գյուղը օրհնեց իբրև «լավ տեղի»,
Արդ, պատմությունը այդ օրից գրվեց
Եվ դարձավ շավիղ փյունիկ կանթեղի:
Մեր գյուղի մասին լուռ վկայությամբ
Հին եկեղեցին՝ երկինք համբառված,
Խոսում է այսօր մեծ հպարտությամբ:
Հողմեր են եկել, ու փոթորկվել է գյուղը հինավուրց,
Արյուն է թափվել ու ղողանջել են զանգերը հույսի:
Եվ մոխիրներից հաղթանակներ են անթեղվել վաղուց,
Ու նոր երկունք է ավետաբերվել հրավառ լույսի:
Մեր գյուղի ներսում մեր հին Խաչերն է՝
Մեր մամռակալած պատմությունը հին,
Տեղ գյուղի համար հոգուս կանչերն է,
Որ հնչեցնում եմ համայն աշխարհին:

Комментариев нет:

Отправить комментарий