Սույն թվականի հունիսի 28-ից հուլիսի 7-ը Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել "Ջերմուկ 2013" շախմատի պատանեկան 8-րդ միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 200 պատանիներ և աղջիկներ: Ամենակրտսեր տարիքային խմբում (մինչև 10 տարեկան) իր հաջող մասնակցությունն է ունեցել Գորիսից 9-ամյա Միքայել Միքայելյանը:
9 պարտիաներում փոքրիկ շախմատիստը գրանցել է 5 հաղթանակ, 2- ոչ ոքի և 2- պարտություն. այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, նա լրացրել է առաջին կարգ, իր տարիքային խմբում՝ 106 մրցակիցների շարքում կիսելով 13-21 տեղերը: Անհատական վարկանիշը մրցաշարից հետո 1800-ից հասել է 1900-ի: Այս կապակցությամբ մենք կապ հաստատեցինք փոքրիկ Միքայելի և նրա մարզիչ Կարեն Պետրոսյանի հետ: Պարզեցինք, որ Միքայելը շախմատ խաղալ է սովորել դպրոցում: 2012թ հուլիսին՝ 8 տարեկան հասակում, նա առաջին անգամ իր ուժերը չափել է Շախմատի Ակադեմիայում (մասնակցելով 3-րդ կագի մրցաշարին, լրացրել 3-րդ կարգ), որտեղ էլ խորհուրդ են տվել փոքրիկին ուղարկել Շախմատի Ակադեմիայի Գորիսի մասնաճյուղի պարապմունքներին… Ամիսներ անց Քաջարան քաղաքում մասնակցել է Սյունիքի առաջնությանը և մինչև 10 տարեկանների խմբում 8 հնարավորից վաստակելով 7 միավոր` նվաճել է առաջին մրցանակը, ինչպես նաև ստացել է 2-րդ կարգ: Հիմա արդեն Միքայելը 9 տարեկան հասակում 1-ին կարգի շախմատիստ է: Միքայելն ապրում և սովորում է հայրենի ՏԵղ գյուղում... Շաբաթական 2 անգամ հաճախում է Գորիս՝ սիրելի մարզաձևի պարապմունքներին... Նյութի հեղինակ` Հ. Միրումյան Սկզբնաղբյուրը` mamul.am |